Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի խոսքով՝ կառավարությունը ձգտում է «կոնսենսուսի հասնել մահապատիժը վերականգնելու հարցում»: «Սակայն այդ օրենքը նշանակելու է վերջ Թուրքիայի ԵՄ հայտին»՝ գրում է Սյուզան Գյուստենը Tagesspiegel-ում: Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց. «Վստահ եմ, որ Թուրքիայի խորհրդարանը շուտով կվերադարձնի 2001-ին վերացրած մահապատիժը»: Ավելին, անցյալում նախագահը քանիցս հայտարարել է, որ ցանկանում է մահապատիժը վերականգնել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը նախաձեռնողների համար, նույնիսկ այն դեպքում, որ թուրքական օրենքներին հակասում է նոր ընդունված օրենքի հետադարձ ուժ ունենալը: Եվրամիությունը պահանջում է մահապատժի վերացում, մահապատժի վերականգնումը Թուրքիայում՝ Անկարայի առաջ կփակի ԵՄ դռները: Եվրոպայի խորհրդում դեռ կիրակի օրը հայտարարեցին, որ «Էրդողանի որոշումը կնշանակի Թուրքիայի հեռացում կազմակերպությունից»: «Մահապատժի կիրառումը անհամատեղելի է Եվրոպայի խորհրդին անդամության հետ»՝ հայտարարեց ԵԽ ներկայացուցիչը: ԵՄ նորմերին Թուրքիայի հրաժեշտն են վկայում Անկարայի մի շարք որոշումներ՝ Թուրքիայում արգելված են տասնյակից ավելի քրդական ԶԼՄ-ներ, նոր օրենքով՝ ահաբեկչության մեջ կասկածվողները իրավունք չունեն տարիուկես շփվելու իրենց փաստաբանների հետ, իսկ իշխանությունները կարող են փաստաբանների ու նրանց պաշտպանյալների առանձնազրույցները գաղտնալսել և ձայնագրությունն օգտագործել դատարանում: Հեղաշրջման ենթադրյալ ղեկավար Ֆեթուլա Գյուլենին աջակցելու կասկածանքով աշխատանքից ազատվել են կրթութան, առողջապահության, արդարադատության համակարգի 10 հազար աշխատակիցներ: Հեղաշրջումից հետո աշխատանքից հեռացվել են 100 հազար պետական պաշտոնյաներ: Սահմանափակվել է համալսարանների ինքնակառավարումը՝ հետայսու ռեկտորին նշանակում է Թուրքիայի նախագահն անձամբ:
Սյուզան ԳՅՈՒՍՏԵՆ, Tagesspiegel
Հ.Գ. Թուրքիան, իհարկե, մեծ երկիր է, բայց իշխանությունները շարունակաբար մեծացնում են գործազուրկների, կասկածյալների, մեղադրյալների ու դատապարտյալների թիվը, որ մի օր պայթուցիկի դեր է կատարելու, ու դա լինելու է ոչ թե Էրդողանի բեմադրած, այլ իրական հեղաշրջման փորձ: Բոլոր դեպքերում Թուրքիայում ծավալվող իրադարձությունները կարող են վտանգավոր ընթացք ստանալ, որ չի կարող չազդել տարածաշրջանԻ մյուս պետությունների վրա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ